Հայկական կողմն ակտիվ աշխատանք է կատարում տանկային պարկի ընդարձակման եւ արդիականացման համար: Այս մասին հայտնեց ԶՈՒ սպառազինության հարցերով վարչության զրահատանկային ծառայության շահագործման եւ ծրագրման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը:
Բանակցությունների մանրամասները չբացահայտելով՝ գնդապետը նշեց, որ կոնկրետ աշխատանք է տարվում Տ 72 (Բ3) տանկի մոդիֆիկացված տարբերակի պարկի համալրման, նույն տանկի Ա տարբերակի արդիականացման ուղղությամբ: «Ռազմական տեխնիկան զարգանում է, եւ սխալ է բոլոր ջանքերն ուղղել մեր տարբերակին»,- նշեց Գաբրիելյանը:
ԶՈՒ ներկայացուցիչն առանձնապես շեշտեց բուն ռազմաարդյունաբերական համալիրի ներգրավման անհրաժեշտությունը: «Միջազգային համագործակցությունն ու փորձի փոխանակումը շատ լավ է: Դա մշտական գործընթաց է: Ինչպես մենք ենք սովորում, այդպես էլ մեզնից են սովորում, եւ մեծ հետաքրքրություն կա մեր ռազմաարդյունաբերական համալիրի արտադրանքի հանդեպ: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, համագործակցությունը լավ բան է, բայց ավելի լավ է հենվել սեփական ռազմաարդյունաբերական համալիրի վրա, քանի որ քաղաքական իրադրությունը կարող է փոփոխվել»,- նշեց Գաբրիելյանը:
Ի պատասխան տանկային բիաթլոնի միջազգային մրցությանը մասնակցության մասին հարցին, գնդապետը հիշեցրեց, որ 2014 թվականին հայկական կողմը շահեց Տ 90 տանկը, որը եւ ստացավ: «Այս տարի մասնակցել են 23 երկրներ: Հայաստանը զբաղեցրել է 9-րդ տեղը: Թվում է՝ այնքան էլ լավ արդյունք չէ: Սակայն մենք մրցում էինք սպաների եւ հատուկ պատրաստված անձնակազմերի հետ: Իսկ մենք ստուգում էինք ընդհանուր պատրաստվածությունը, քանի որ հայկական կողմից մասնակցում էին սովորական զինվորները»,- նշեց Գաբրիելյանը:




























