Ուրբաթ Բեռլինի կենտրոնում տեղի է ունեցել Գերմանիայի նախկին կանցլերը Գերհարդ Շրյոդերի հարսանիքը Հարավային Կորեայի քաղաքացի 49-ամյա Կիմ Սո Յոնի հետ: Հանդիսավոր միջոցառումը մամուլի համար փակ ռեժիմով է անցկացվել՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ գտնվող շքեղ Adlon հյուրանոցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Շրյոդերն իր ընկերուհու եւ անձնական թարգմանչի հետ ամուսնացել է մոտ 5 ամիս առաջ: Ավելի վաղ լրատվամիջոցներն ուշադրություն էին դարձրել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության ժամանակ Շրյոդերի մատին արդեն ամուսնական մատանի կար:

DPA գործակալության տեղեկություններով Adlon-ում շուրջ 150 հյուրերի թվում էին Շրյոդերի կոմնակիցները սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից. Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը եւ ԱԳ նախկին նախարար Զիգմար Գաբրիելը, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, Scorpions խմբի վոկալիստ Կլաուս Մայնեն:

Սա Շրյոդերի 5-րդ ամուսնությունն է: Նախկին կանցլերը 2016 թվականին ամուսնալուծվել էր Դորիս Շրյոդեր Կյոպֆից, որի հետ ամուսնացած էր 1997 թվականից: Շրյոդերը եւ Կիմ Սո Յոն ծանոթացել են ավելի քան 2 տարի առաջ միջազգային բիզնես համաժողովի ժամանակ:

DPA-ն հայտնում է, որ զույգը մեկնել է Գերմանիայով ամուսնական ճանապարհորդության՝ Թյուրինգիայի եւ Սաքսոնիայի դաշնային հողեր: Նախատեսված է այցելություն նաեւ Դրեզդենի պետական օպերա եւ Վեյմարի պատմական վայրեր: