Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին չի վճարի իր անվտանգության դիմաց, հայտնել է թագավորության գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը Bloomberg գործակալության հետ հարցազրույցում:

Արքայազնն այսկերպ է մեկնաբանել Էր Ռիադին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս ներկայացրած պահանջը:

«Իրականում մենք ոչ մի բան չենք վճարի մեր անվտանգության դիմաց: Մենք կարծում ենք, որ այն ամբողջ զենքի դիմաց, որն ԱՄՆ-ից ստացել ենք, վճարվել է, այն մեզ անվճար չի հասել: Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների հաստատման սկզբից եւեթ մենք ամեն ինչ փողով ենք գնում»,- նշել է արքայազնը:

Սալման Ալ Սաուդի խոսքով՝ 2 տարի առաջ Սաուդյան Արաբիան վարում էր այլ երկրներից զենք գնելու քաղաքականություն, սակայն Թրամփի իշխանության գալուց հետո թագավորությունը որոշել է եւս 10 տարի բանակը զինել ամերիկյան սպառազինությամբ՝ 60 տոկոսը գնելով ԱՄՆ-ից, իսկ 40 տոկոսը պատրաստելով թագավորությունում՝ ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործմամբ, ինչի վրա Էր Ռիադը պատրաստվում է ծախսել 400 մլրդ դոլար:

Գահաժառանգը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք Մերձավոր Արեւելքում Սաուդյան Արաբիայի նպատակներին հակասող քաղաքականություն էր վարվում: Սակայն Էր Ռիադը կարողացել է իր շահերը պաշտպանել, հավելել է նա:

Այն մասին, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Ալ Սաուդը չի կարողանա դիմանալ առանց Վաշինգթոնի աջակցության, ԱՄՆ առաջնորդն ասել էր հոկտեմվերի 3-ին՝ Միսիսիպի նահանգում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ:

Ինչպես նշված է Պենտագոնի կայքում, ամերիկացի զինծառայողները տեղակայված են Էր Ռիադից ոչ հեռու եւ իրականացնում են տեղական ուժերի միայն ռազմական նախապատրաստում: