«Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլիփս» ընկերությունների նկատմամբ հարուցված քրեական գործով նորություններ չկան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սեքյուրիթի Դրիմ»-ի տնօրեն Ալեքսան Զաքարյանը։
«Մենք էլ ձեզ նման սպասում ենք նորությունների, խելոք սպասում ենք՝ տեսնենք, ինչ են հայտնաբերելու, ինչ են գտնելու։ Ընկերությունը նորմալ հունով աշխատում է, իր ֆունկցիաներն իրականացնում է, սպասողական վիճակում ենք,այն առումով, որ սպասում ենք իրենց հայտարարությունների վերաբերյալ նորությունների»,-ասաց Ալեքսան Զաքարյանը։
Հիշեցնենք, որ ոստիկանությունն օրեր առաջ հատուկ գործողություններ է կատարել այս ընկերություններում եւ պարզել, որ «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլիփս» ընկերությունները կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ընկերությունների տնօրինությունը շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ է հափշտակել: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011, 2013 և 2017 թվականներին ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության միջեւ պետության կարիքների համար եւ երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր գնելու եւ ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր է կնքվել: Ընկերությունը ստեղծել է արագության վերահսկման մշտադիտարկման համակարգ, որի գործարկման արդյունքում պետության գանձած գումարները բաշխվել են ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ»-ի միջեւ՝ 30/70, 50/50 եւ 10/90 տոկոսային հարաբերակցությամբ:
Ոստիկանները տվյալներ ունեն, որ նույն եղանակով հափշտակություններ են կատարվել նաև նախկինում, որոնց հետևանքով պետությանը պատճառված ամբողջ վնասի չափը պարզելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում: Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները քննությամբ պարզվում են:




























