Դեռեւս Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը դեպոզիտ հատուկ հաշվեհամարին գումար մուտք չի արել Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մեղադրանքում նշված գումարը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե պատրաստակամ են դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել մեղադրանքում նշված գումարը:
«Դեռ չունենք նման փաստ: Կարծում եմ՝ քննության արդյունքներին են սպասում, քննությունն ընթանում է, նշանակվել են փորձաքննություններ: Ձեզ հայտնի է, որ ֆինանսատնտեսական բնույթի գործերով փորձաքննության եզրակացությունները շուտ չեն ստացվում: Կարծում եմ՝ քննության արդյունքներին են սպասում, բայց բոլորդ եպքերում դա ողջունելի հայտարարություն է»,-ասաց ՔԿ նախագահը:
Նա նկատեց, որ վնասը փոխհատուցելը բխում է իրենց շահերից, քանի որ դատավարության ընթացքում այդ փաստը կարող է դիտվել որպես մեղմացուցիչ հանգամանք:
Հիշեցնենք, որ «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին այս տարվա օգոստոսի 29-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Ավելի ուշ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել մեղադրանքում նշված գումարը։




























