Թեպետ կոնկրետ ժամկետներ դեռեւս հայտնի չեն, սակայն միանշանակ է, որ մոտ ժամանակներս մետրոյի սակագինը կրկնակի անգամ կթանկանա՝ նախկին 50-ից դառնալով 100 դրամ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը։

«Սակագնի բարձրացումը նախատեսված էր դեռեւս 3 տարի առաջ»,- տեղեկացրեց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ ուղեւորափոխադրման արժեքի փոփոխության պարագայում  Հայաստանի կառավարությունից իրենց տրամադրվող դոտացիաներն այս տարի զգալիորեն կկրճատվեն։

«Ի հաշիվ սակագնի բարձրացման եւ մեր եկամուտների ավելացման՝ անցած տարվա համեմատ Երեւանի մետրոպոլիտենին 860 մլն  դրամով քիչ գումար կհատկացվի»,- նշեց Նինել Վարդանյանը՝ միաժամանակ դժվարանալով հիշել, թե որքան գումար է տրամադրվել իրենց նախորդ տարի։

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 9-ին, Ազգային ժողովում քննարկվել էր 2010թ. օգոստոսի 10-ին Երեւանում ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագիրը: Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն չէր բացառել, որ մետրոպոլիտենի վերանորոգումից հետո ուղեւորափոխադրման սակագինը կարող է կրկնակի բարձրանալ՝ 50-ից դառնալով 100 դրամ։ Նրա խոսքով, ներկա գնաճի պայմաններում սակագնի փոփոխությունն արդարացված է: