Գյուղատնտեսությունում գումարներ կա, բայց դրանք անարդյունավետ են օգտագործվում խնդրի լուծման ցանկության բացակայության կամ  անկարողության պատճառով: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչյա Բերբերյանը:

Նրա խոսքով ցանքատարածությունները կրճատվել են, ոչ պաշտոնական տվյալներով ավելի 2000 հա: Դա կապում են շոգ եղանակի հետ, սակայն  պատճառը դա չէ, քանի որ անցյալ տարի նույնպես շոգ եղանակ էր, բայց արդյունքներն այլ էին:

 «Ակնհայտ է, որ վարչապետն օբյեկտիվ տեղեկատվություն չի ստանում», - ասաց Բերբերյանը:

Փորձագետը հիշեցրեց, որ վարչապետը գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում վնասակար միջատների դեմ պայքարի վերաբերյալ համապատասխան ծրագիր ներկայացնել, սակայն ծրագիրը դեռեւս չկա:

Փորձագետի խոսքով, այս խնդիրը քննարկելով Իրանի մասնագետների հետ, որտեղ այս խնդիրը նույնպես սուր է դրված, նրանք արդյունավետ մեթոդ են գտել, որը թույլ կտա տարվա ընթացքում վերականգնել պոմիդորի մշակման ծավալները:

ՀԿ ղեկավարի կարծիքով, պատճառը, որ իշխանությունները հարցին առարկայական լուծում չէին տալիս այն էր, որ որոշ օլիգարխները, ունենալով խոշոր ջերմոցային տնտեսություններ, արգելակում էին արտադրությունը՝ 250 դրամ մեծածախ գներ սահմանելով:

Մինչդեռ գյուղացիները ձեռնարկություններին պոմիդորը հանձնում էին 30-40 դրամով: «Սա խոսում է այն մասին, որ նշված խոշոր արտադրողները, ըստ երեւույթին, լծակներ ունեին գյուղատնտեսության նախարարության վրա: Գյուղացիները, հասկանալով, որ պատշաճ արդյունք չեն ստանա, ռիսկի չէին գնում եւ պոմիդոր չէին աճեցնում », - ասաց Բերբերյանը:

Փորձագետը հավաստիացրեց, որ իր կազմակերպությունը պատրաստ է  ծրագիր ներկայացնել Կառավարությանը, որը կարող է կիրառվել Հայաստանի յուրաքանչյուր շրջանում, հաշվի առնելով դրանց կլիմայական, տնտեսական եւ բնապահպանական առանձնահատկությունները: Նա հավելեց, որ այս ծրագրի հիման վրա իշխանությունների հետեւողական աշխատանքի դեպքում վնասակար միջատների հետ կապված խնդիրը կլուծվի մեկ տարվա ընթացքում:

Մասնագետը ընդգծեց, որ տարվա ընթացքում կարտոֆիլի եւ բանջարեղենի ցանքատարածությունները կրճատվել են ավելի քան 6,400 հեկտարով, որոնցից 1,700 հա պոմիդորին է բաժին հասնում: «Արդյունքում մենք ստիպված էինք Աստրախանից պոմիդոր ներկրել: Ինչ վերաբերում է կարտոֆիլին, սպասվում է, որ ուժեղ շոգի եւ արտադրության կրճատման արդյունքում գարնանը գինը  կբարձրանա մինչեւ 300 դրամ», - եզրափակեց Հրաչյա Բերբերյանը: