Այն, որ երկաթուղային ճանապարհով Հայաստան հացահատիկ բերելու անհրաժեշտություն է առաջացել, պատճառը Վերին Լարսում ավտոմեքենաների խցանումներն ու հերթերն են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

Երկրորդ պատճառն, ըստ փորձագետի, Վրաստանի տրանսպորտի նախարարության հայտարարություններն էին այն մասին, որ հացահատիկով բեռնված ավտոմեքենաները վնասում են ճանապարհային շերտը, որի վերականգնման համար նախկինում երկիրը մեծ գումարներ է ծախսել՝ հարյուրավոր միլիոն դոլարներ, որոնք ձեռք է բերել տարատեսակ ծրագրերի իրականացման ճանապարհով։ Հստակեցնող հարցին՝ արդյոք այդ հայտարարությունները հիմնավորվա՞ծ են, թե՞ հորինված, Մելիքյանը պատասխանեց, որ լիովին հիմնավորված են։

«Մինչեւ Վերին Լարսի բացումը հացահատիկը Հայաստանին մատակարարվում էր հիմնականում երկաթուղային ճանապարհով։ Սակայն երբ Լարսը կրկին բացեցին, հացահատիկի տեղափոխումը սկսեց իրականացվել ավտոմեքենաներով։ հայտնվեցին փոքր եւ միջին ընկերություններ, որոնք զբաղվում էին այդ հարցով՝ ստեղծելով մրցակցություն, եւ գներն ընկան»,- բացատրեց փորձագետը։ Նա հավելեց, որ երկաթուղային ճանապարհով Հայաստան տարեկան բերվում է 400 հազար տոննա հացահատիկ։ Սա, ըստ Մելիքյանի, ստիպել է վրացական իշխանություններին վերանայել իրենց մոտեցումն այս հարցին։

«Սակայն, այսօրվա դրությամբ կա հետեւյալ լուծումը՝ Ուկրաինայում, որպեսզի չվնասեն փոքր եւ միջին բիզնեսին եւ երկրում մենաշնորհներ չստեղծեն, որոշել են այլ ուղով գնալ։ Օրվա տարբեր ժամերին, ասենք մինչեւ 22։00-ն, արգելվում է այդ ճանապարհներով բեռնատարների երթեւեկությունը»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ դա կարող է հարցի լուծում դառնալ։

Միաժամանակ, Մելիքյանը նկատեց, որ եթե խնդիրը լուծվի այլընտրանքային բեռնափոխադրումների համակարգի ներդրման միջոցով, ապա հացահատիկի գնաճ չպետք է լինի, քանի որ մի մասը կփոխադրվի երկաթգծով, մյուս մասը՝ բեռնատար տրանսպորտով։

Սրա հետ մեկտեղ նա նշեց, որ որոշակի թանկացում սպասվում է նաեւ Վրաստանում, եւ դա, ամենայն հավանականությամբ, որոշ չափով, աննշան տոկոսային թանկացումով կառնչվի նաեւ Հայաստանին։

«Հայաստանում հակամենաշնորհային մարմինները պետք է հասկանան՝ ինչ հետաքրքրություններ ունեն խոշոր ընկերությունները, որոնք զբաղվում են հանրապետություն հացահատիկի ներկրմամբ»,- պարզաբանեց Մելիքյանը։ Նա նաեւ ասաց, որ Հայաստանի կառավարությունը պետք է բանակցություններ վարի վրացական կողմի հետ, որ այլընտրանքային մոդելն առաջարկվի եւ արդյունքում ընդունվի։