Կոտայքի մարզի 5 համայնքներում հոկտեմբերի 21-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում առաջադրված թեկնածուների հետ, որին ներկա էր նաեւ ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը:

Մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետը մատնանշեց հիմնական այն սկզբունքները, որոնցով պետք է գործեն առաջադրված թեկնածուները, տարածքային կառավարման եւ իրավապահ մարմինները:

«Ընտրությունները պետք է անցկացվեն օրինականության սահմաններում՝ բարոյականության ու համակեցության բոլոր նորմերի պահպանմամբ: Հանրությունը պետք է տեսնի, որ մենք ունենք նոր իրողություն, որ ինքն ազատ է կատարել իր ընտրությունը՝ հիմքում ունենալով քաղաքական ու ծրագրային դրույթներ եւ ոչ մի լրացուցիչ մոտիվացիայի աղբյուր: Բոլորս պիտի գիտակցենք, որ ցանկացած պաշտոն մեզ պետք է բացառապես հանրային շահը սպասարկելու եւ մեր երկրում զարգացման նոր առաջնահերթություններ ապահովելու համար»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը փաստեց, որ աշխատանքային մոտ 30 տարիների ընթացքում նա ոստիկանությանը երբեք այնքան հզոր ու ուժեղ չի տեսել, որքան այսօր է: «Ուժեղ ենք, քանի որ գործում ենք միայն ու միայն օրենքի սահմաններում: Չկան պահանջներ, չկան հանձնարարականներ եւ սուբյեկտիվ որոշումներ: Հորդորս է բոլոր թեկնածուներին եւ նրանց աջակիցներին՝ լինել զգոն, քանի որ այսօրվանից եւեթ ոստիկանությունն իր դիրքերում է եւ ամենաչնչին խախտումն իսկ օրենքի սահմաններում ընթացք է ստանալու»,- ասաց Ա. Հովհաննիսյանը՝ պատրաստակամություն հայտնելով լինել ցանկացած թեկնածուի կողքին, ով որեւէ հարցում կբախվի անօրինականության դրսեւորման:

Ռոմանոս Պետրոսյանն ու Արամ Հովհաննիսյանն իրենց խոսքում որպես առաջնահերթ դրույթ ամրագրեցին ազատ, թափանցիկ եւ արդար ընտրությունների անցկացման առաջնահերթությունը՝ բոլոր կողմերի համար ստեղծված հավասար պայմաններում: «Մենք կարող ենք ունենալ նախադեպ, երբ համայնքի ղեկավար չընտրված թեկնածուի ծրագրային լավագույն դրույթները կիրագործվեն ընտրված թեկնածուի կողմից: Սա կլինի ձեր բոլորիդ ազնիվ նպատակների ու հանրային շահի գերակայությամբ մրցապայքար ունենալու լավագույն ցուցիչը»,- ամփոփեց Կոտայքի մարզպետը: