Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, նշված է.

«Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, միջազգային հանրությունը նշում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների ապահովման ոլորտում մեր երկրում առկա են մի շարք համակարգային խնդիրներ: Դրանք զգայուն են, քանի որ վերաբերում են մարդկանց, ովքեր հաճախ չեն կարող բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, իրենց իրավունքների ոտնահարման կամ անտեսման դեպքերը:

Ցավոք, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ չափազանց խոցելի են յուրաքանչյուր հասարակությունում: Նրանք հաճախ հայտնվում են սոցիալական մեկուսացման մեջ, դառնում են խարանման օբյեկտ:

Պետք է աջակցել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց այնպես, որ նրանք հասնեն իրենց սեփական ձգտումներին ու նպատակներին:

Անհրաժեշտ է նպաստել նրանց՝ իբրեւ հավասարի հետ աշխատանքին ու նրանց վերականգնմանը, կանխել նրանց սոցիալական մեկուսացումը եւ խարանումը:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բողոքների քննարկումը եւ հոգեբուժական կազմակերպություններում մշտադիտարկումը վեր են հանել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են համայնքահեն ծառայությունների բացակայությունը, ոչ պատշաճ կառավարումը, վերահսկողությունը, օրենսդրական թերությունները եւ այլն: Հոգեբուժական օգնության ոլորտում բացակայում է իրավասու մարմինների համակարգված աշխատանքը՝ դրանցից յուրաքանչյուրի գործառույթների տարանջատման, պատշաճ վերահսկողության եւ առանձին հարցերում փոխպայմանավորված աշխատանքի պատշաճ իրականացման տեսանկյունից:

Ցավոք, գնահատված չէ հոգեկան առողջության պահպանման ոլորտի մասնագետների աշխատանքը: Հոգեբուժական կազմակերպությունների բժշկական անձնակազմերի աշխատանքային պայմանների եւ սոցիալական երաշխիքների ցածր մակարդակն անմիջականորեն ազդում է մարդու հոգեկան առողջության պահպանման վիճակի եւ մատուցվող ծառայությունների որակի վրա:

Հետեւաբար, հոգեկան առողջության պահպանման առաջնահերթ ուղղություններից պետք է լինի հենց հոգեբուժական բժշկական ծառայություններին այլընտրանք խնամքի եւ սոցիալական սպասարկման ծառայությունների համակարգի ձեւավորումն ու զարգացումը»: