ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» եւ տեղեկատու հեռախոսահամարներով 2018թ. սեպտեմբեր ամսին ստացվել է 8 հեռախոսազանգ:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Թեժ գծի» հեռախոսահամարին զանգահարած քաղաքացին դժգոհությունն է հայտնել, որ Գյումրի-Երեւան ուղղությամբ գնացքի վագոնը եղել է գերբեռնված, բացի այդ՝ խախտվել են վագոններում հիգիենայի պահպանման կանոնները: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը ուղեւորներին մատուցվող ծառայությունների որակի եւ վագոններում սանիտարական վիճակի նկատմամբ։
Մեկ այլ քաղաքացի տեղեկացրել է, որ դեռեւս 2016թ. հանձնել է իր եւ որդու՝ տաքսի վարելու լիցենզիաները, սակայն վերջերս պարզվել է, որ չմարված տուրքերի պատճառով արգելանք է դրվել իր բանկային հաշիվների վրա: Քաղաքացու բողոքն անմիջապես ուղարկվել է Լիցենզավորման գործակալություն, որտեղ հարցը ուսումնասիրվում է, արդյունքների մասին քաղաքացուն լրացուցիչ կտեղեկացվի:
Քաղաքացիներից «թեժ գծով» ստացված եւս երկու հեռախոսազանգ էլ վերաբերում էր միջազգային ուղեւորափոխադրումներին, մասնավորապես, ուղեւորափոխադրող ընկերություններից մեկից տեղեկություններ ստանալուն եւ Վրաստան –Ռուսաստան անցակետում ծագած խնդիրներին: Անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարելուց հետո նախարարության ներկայացուցիչները կապ են հաստատել քաղաքացիների հետ եւ համապատասխան պարզաբանումներ տվել:
Մեկ այլ քաղաքացի էլ տեղեկացրել է, որ հեռուստաալիքների հեռարձակման խափանումներից հետո ալիքների կարգավորման խնդիր է առաջացել: Քաղաքացու բողոքն անմիջապես փոխանցվել է «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիո հաղորդիչ ցանց» ՓԲԸ: Հաջորդ օրը վերջինս զանգահարել է «թեժ գծի» հեռախոսահամարով եւ շնորհակալություն հայտնել արագ արձագանքման եւ խնդրին հրատապ լուծում տալու համար:
Նույն ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարներին ստացված 3 հեռախոսազանգերը վերաբերում էին հեռուստատեսային թվային ընդունիչ սարքերի համալրմանը եւ հեռուստաալիքների ընդունման որակի բարելավմանը: Ընկերության մասնագետները քաղաքացիներին պատշաճ խորհրդատվություն են տրամադրել:
Սեպտեմբեր ամսին եւս «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով քաղաքացիները օպերատիվ տեղեկատվություն են ստացել ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական եւ օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:




























