Ֆլորիդայի իշխանությունները խորհուրդ են տվել առնվազն 500 հազար բնակիչների թողնել իրենց տները «Մայքլ» փոթորկի պատճառով, որը շարժվում է Մեքսիկական ծոցից այդ ամերիկյան նահանգի ուղղությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ին:

Վերջինիս հաղորդմամբ այժմ փոթորիկը գտնվում է Ապալաչիկոլա քաղաքից 145 կմ հարավ-արեւմուտք եւ 5,5 մ/վ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս: Էպիկենտրոնում քամու արագությունը 63.8 մ /վ է:

Երեքշաբթի Մեքսիկական ծոցի ափամերձ ընկերությունները որոշել են վերահաս փոթորիկի պատճառով կրճատել նավթի եւ գազի արդյունահանումը համապատասխանաբար 40  եւ 28 տոկոսով:  

Չորեքշաբթի «Մայքլ» փոթորիկը Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով հինգ հնարավորից սաստակցել էր մինչեւ  չորրորդ աստիճան: ԱՄՆ-ի Փոթորիկների դիտորդական կենտրոնը նախազգուշացրել էր, որ փոթորիկը կարող է ուժեղ քամիներ, բարձր ալիքներ եւ Մեքսիկական ծոցի հյուսիս-արեւելյան ափին տեղումներ առաջացնել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոթորկի պատճառով հանձնարարել էր Ֆլորիդա նահանգին դաշնային օգնություն տրամադրել, իսկ հարեւան Ալաբամա նահանգի ղեկավար Կեյ  Այվին հայտարարել էր արտակարգ դրության ներդրման մասին: