Գերմանական դատարանը կընդունի որոշում՝ բուլղարացի լրագրող եւ տարածքային TVN հեռուստաալիքի տնօրեն Վիկտորյա Մարինովայի սպանության մեջ կասկածվող տղամարդու արտահանձնման մասին՝ չորեքշաբթի հայտարարել է ԳԴՀ-ի արդարադատության նախարարությունը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Արտահանձնման հարցերով զբաղվում է Ներքին Սաքսոնիայի գլխավոր դատախազությունը։ Ինչպես հասկանում եք, այսօր դա տեղի ունենալ չի կարող»,- ճեպազրույցում հայտարարել է հաստատության ներկայացուցիչը։

Ավելի վաղ Ներքին Սաքսոնիայի իշխանությունները հայտնել էին, որ կալանավորվել է 20-ամյա մի երիտասարդ, ում սպանության եւ բռնաբարության մեղադրանք է ներկայացվել։

Մարինովան սպանվել էր հոկտեմբերի 6-ին, Բուլղարիայի հյուսիսում գտնվող Ռուս քաղաքում։ Հետաքննությունը հնարավոր է համարում, որ սպանությունը կապված լինի նրա լրագրողական գործունեության հետ։ Վերջին թեման, որի վրա աշխատում էր Վիկտորյան, այսպես կոչված, GPGate-ն էր՝ Եվրոպական միության միջոցների հափշտակության մասին։