«Առավոտ» թերթին տված հարցազրույցում ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ամերիկյան Stratfor-ի վերլուծությանը, որտեղ նշվել է, որ Հայաստանում Եգիպտոսի իրադարձությունների կրկնությունը քիչ հավանական է, որ «լայնամասշտաբ բողոքի ակցիաների եւ անկարգությունների նախադրյալներ չկան, թեեւ ՀԱԿ-ը, որը ղեկավարում է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոգեւորված Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններից, փետրվարի 18-ին մեծ հանրահավաք է հրավիրել»:
Վ. Կարապետյանն այս առնչությամբ ասել է. «Ինչպես լինում է շատ հաճախ, այս անգամ էլ գործ ունենք մի մեկնաբանության հետ, որն արվել է հեռվից՝ առանց հայաստանյան իրողություններին ծանոթ լինելու: Երբ Stratfor-ի փորձագետը նշում է բողոքի գործողություններին հարյուրավոր մասնակցության մասին, նա անտեսում է իրողությունները: Այսպես, ՀԱԿ-ի վերջին երթին (դեկտեմբերի 10-ին) մասնակցեց շուրջ 10 հազար քաղաքացի: Միայն այս փաստը հաստատում է, որ կամ ինֆորմացիայի պակաս կա Stratfor-ում, կամ մեկնաբանությունն ուղղորդված է: Ինչ վերաբերում է ոգեւորությանը, բնական է, որ մի իրավիճակում, ուր հաղթում է ժողովրդի կամքը, դա չի կարող անտեսվել աշխարհի կողմից:
Հայաստանի ժողովուրդն էլ բացառություն չէ: Կարող եմ ասել, որ ես իշխանության ներսում եմ տեսնում խուճապի դրսեւորումներ: Միեւինույն ժամանակ կարծում եմ, մեր ժողովուրդը հետեւություններ է արել այն իրադարձություններից, որոնք տեղի ունեցան Եգիպտոսում: Մենք, բնականաբար, հետեւում ենք, դասեր ենք քաղում եւ վսհատ եմ, որ իշխանությունները եւս դասեր են քաղում»:
Վլադիմիր Կարապետյանը նաեւ հիշեցրել է ոչ պակաս հեղինակավոր «Էկոնոմիստ» հանդեսի ընդամենը վերջերս հրապարակված վերլուծությունը, որտեղ Եգիպտոսը ներկայացվել է որպես շատ կայուն ռեժիմ ունեցող պետություն: «Բայց մենք տեսնում ենք, թե որքան կայուն էր այդ ռեժիմը: Այն խայտառակ ձախողումները, որ կան Հայաստանում՝ տնտեսական, քաղաքական, արտաքին քաղաքական ոլորտներում, ցույց են տալիս, որ մեր ժողովուրդը բավականին հիասթափված է առկա իրավիճակից եւ ցանկացած պահի կարող է դուրս գալ փողոց եւ ներկայացնել իր պահանջները»,- ասել է Կարապետյանը





























