Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ  Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի այսօր՝ փետրվարի 11-ին Երեւանում կայացած հանդիպման ժամանակ կարեւորվել է հայ-ուկրաինական գործարար համաժողովի անցկացումը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտում են, որ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Գրիշչենկոյի այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնմանը, առեւտրատնտեսական եւ հումանիտար կապերի խորացմանը. «Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի մեր ժողովուրդների միջեւ ավանդաբար ձեւավորված եղբայրական բարեկամական հարաբերություններն ամրապնդվեն եւ զարգանան:  Մենք դա Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություն ենք համարում: Օգտվելով Ձեր այցի առիթից, ցանկանում ենք կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցության ուղղությունների եւ ձեւերի առումով, որպեսզի վստահ լինենք, որ կա միջոցառումների կոնկրետ ծրագիր, որը կարող ենք համատեղ իրագործել»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջեւ ծավալված արդյունավետ համագործակցության մասին։

Արձանագրելով առեւտրատնտեսական գործակցության խորացման ուղղությամբ առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունը` երկուստեք կարեւորվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը եւ մասնավորապես, գործարար համաժողովի անցկացումը:

Կողմերը քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության խորացման հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել են տրանսպորտի, առեւտրի, սննդարդյունաբերության, մետալուրգիայի ոլորտներում հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է արվել նաեւ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Հումանիտար եւ մշակութային կապերի սերտացման համատեքստում ընդգծվել է Ուկրաինայում Հայաստանի եւ Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերի անցկացման կարեւորությունը:

Երկու երկրների փոխհարաբերությունների ամրապնդման առումով կարեւորվել է ՀՀ նախագահի 2011թ. ընթացքում նախատեսվելիք այցն Ուկրաինա: Հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերահաստատել է Ուկրաինայի կառավարության ղեկավար Նիկոլայ Ազարովին արված Երեւան այցելելու հրավերը: