Մոտ կես ժամ առաջ Եգիպտոսի բանակը տարածել է իր երկրորդ, Մուբարաքի եւ Սուլեյմանի դիրքրոշումները կրկնող բավական չեզոք հայտարարությունը։ NEWS.am-ի հետ զրույցում Եգիպտոսից հայտնեց կայքի ընթերցողներից մեկը, Կահիրեի ամերիկյան համալսարանի դասախոս, մասնագիտությամբ արվեստաբան Անժելա Հարությունյանը։

«Բանակի հայտարարությունը ոչինչ չասող ու բավական հիասթափեցնող էր։ Այն կրկնում էր Եգիպոսի նախագահ Հոսնի Մուբարաքի եւ փոխնախագահ Օմար Սուլեյմանի կոչերը, այն է՝  դադարեցնել ցույցերը եւ հետ վերադառնալ բնականոն կյանքի ընթացքին»,- պատմեց Անժելա Հարությունյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ մարդիկ, այնուամենայնիվ, չեն պատրաստվում հեռանալ եւ վճռական են իրենց հետագա գործողություններում։

«Այստեղ շուտով կսկսվի ուրբաթօրյա աղոթքը, ինչից հետո հավաքվածներին, այդ թվում՝ նախագահական նստավայրի եւ հեռուստատեսության շենքի մոտ գտնվող ցուցարարներին, ավելի մեծ խմբեր կմիանան»,- նկատեց NEWS.am-ի եգիպտոսի ընթերցողը՝ ավելացնելով, որ ցուցարարների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես երիտասարդները։

Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում է ցուցաբերում ստեղծված իրավիճակում ընդդիմությունը, Անժելա Հարությունյանը նշեց, որ ինչպես Հոսնի Մուբարաքը, պաշտոնական ընդդիմությունը եւս լռություն է պահպանում։

Նշենք, որ Հոսնի Մուբարաքը, ի հեճուկս կանխատեսումների, ազգին ուղղված հեռուստաուղերձում հրաժարվել է լքել նախագահի պաշտոնը եւ միայն իր լիազորությունների մի մասը համաձայնվել է փոխանցել փոխնախագահ Օմար Սուլեյմանին: Կահիրեի եւ մյուս քաղաքների փողոցներում մի քանի միլիոն մարդ է հավաքվել, որոնք պահանջում են նախագահի հրաժարականը: