Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 11-ին  Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ եւ «Էքսպոմեդիա» կենտրոնի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացվող «ART EXPO-2011» արվեստների ցուցահանդեսի բացմանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շրջել է արվեստի տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ հինգ տասնյակ պետական եւ հասարակական մշակութային կազմակերպությունների` թանգարանների, ցուցասրահների, թատերական, համերգային կազմակերպությունների, փառատոնների   տաղավարներում, ծանոթացել 2010թ. մշակույթի ոլորտում նրանց իրականացրած աշխատանքներին ու ձեռքբերումներին, ինչպես նաեւ նոր նախագծերին:  «ART EXPO-2011» ցուցահանդեսին ներկայացվել են նաեւ պատմամշակութային եւ ոչ նյութական մշակութային ժառանգությունը, կինոարվեստը, մշակութային կրթությունը, հոբելյանների առիթով ստեղծված հրատարակությունները, ալբոմները, խտասկավառակները:

Հանրապետության ղեկավարն այցելել է ցուցահանդեսի շնորհանդեսային սրահ եւս, որտեղ մշակութային կազմակերպությունները հանդես կգան ֆիլմերի ցուցադրություններով, տարաբնույթ կրթական ծրագրերով, դասախոսություններով եւ շնորհանդեսներով: