«Բարգավաճ Հայաստանն» այսօր՝ փետրվարի 11-ին կայանալիք իշխող կոալիցիայի նիստում, ամենայն հավանականությամբ, կընդունի հայտարարության տեքստը, որը հստակեցնում է կոալիցիոն երեք կուսակցությունների համագործակցության պայմանները խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները:

Ըստ աղբյուրների, ԲՀԿ-ում արդեն նման ներքին որոշում է կայացվել: « Ներկայումս ԲՀԿ-ն չի քննարկում կառավարող կոալիցիան լքելու հնարավորությունը»,- նշել են աղբյուրները:

Նշենք, որ փետրվարի 11-ի երեկոյան կայանալու է Հայաստանի կառավարող կոալիցիայի նիստ, որի ընթացքում հստակեցվելու է կառավարող ուժերի դիրքորոշումը կոալիցիոն նոր հուշագրի վերաբերյալ: Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցություններն արդեն հայտարարել են փաստաթղթին իրենց աջակցության մասին: «Բարգավաճ Հայաստանն» առայժմ պատասխան չի տվել այդ կապակցությամբ: Կոալիցիոն նոր հուշագրի տեքստում, մասնավորապես, համաձայնեցվում են համագործակցության պայմանները 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ: