ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին հանդիպում է ունեցել հանրապետության դատախազության աշխատակիցների հետ, որի ընթացքում ամփոփվել են 2010 թվականի արդյունքները եւ անդրադարձ է կատարվել 2011 թվականի անելիքներին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զեկույցներով հանդես են եկել գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, համակարգի պատասխանատու աշխատողներ:

Երկրի ղեկավարը իր խոսքում բավարար է գնահատել դատախազության 2010 թվականի գործունեությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ ձեռքբերումների հետ մեկտեղ կան նաեւ շատ անելիքներ:

Հատուկ ուշադրություն է դարձվել կադրային քաղաքականությանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ դատախազության աշխատակիցները պետք է ավելի խստությամբ ու պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը, եւ նրանք, ովքեր ակնհայտորեն չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոնին` անվերապահորեն կազատվեն աշխատանքից:

Նախագահը նաեւ անդրադարձել է դատախազության նյութատեխնիկական բազայի ամրապնդման հարցին՝ կարեւորելով ժամանակակից դատական փորձաքննությունների լաբորատորիա եւ դատաբժշկական կենտրոն ունենալու անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել դատախազության ղեկավարությանը: