Եգիպտոսի նախագահի նստավայր ցուցարարները հասել են դեռ երեկ գիշերը՝ ժամը 02:00-ին եւ շարունակում են այնտեղ մնալ նաեւ այսօր. միաժամանակ, այն լուրերը, թե բանակի եւ նախագահական նստավայրի մոտ հավաքված ցուցարարների միջեւ լարում կա, իրականությանը չի համապատասպանում։ NEWS.am-ի հետ զրույցում Եգիպտոսից հայտնեց կայքի ընթերցող, Կահիրեի ամերիկյան համալսարանի դասախոս, մասնագիտությամբ արվեստաբան Անժելա Հարությունյանը:

«Նախագահի նստավարի մոտ այժմ հավաքված է շուրջ 5 հազար մարդ, վիճակն  այնտեղ խաղաղ է, բանակն ուղղակի չեզոք կանգնած է եւ ցուցարարներին որեւէ կերպ չի խոչընդոտում»,- պատմեց Անժելա Հարությունյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ինքն այս պահին գտնվում է պետական հեռուստաաշտարակի մոտ։ «Պետական հեռուստատեսության շենքի մոտ եւս բավական մեծ թվով՝ շուրջ 5-6 հազար ցուցարար է հավաքվել։ Այստեղ են նաեւ մեծ թվով զինվորականներ, 5 մետրը մեկ տանկեր են կանգնած։  Զինվորական մի քանի ջոկատներ տեղակայված են նաեւ պետական հեռուստատեսության շենքի ներսում»,- տեղեկացրեց մեր ընթերցողը։

Նշենք, որ վերջին տեղեկություններով, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքն ընտանիքի հետ լքել է Կահիրեն։