Մյանմարից Բանգլադեշ ներգաղթած ռոհինջա ազգության փախստականներին հայրենիք կվերադարձնեն, հայտնում է Lenta–ն՝ վկայակոչելով The Guardian–ն։
Երկրները պայմանավորվել են ռոհինջաների հայրենադարձության մասին, չնայած ՄԱԿ–ի նախազգուշացմանն այն մասին, որ Մյանմարի իշխանությունները շարունակում են ցեղասպանական քաղաքականություն վարել մահմեդական բնակչության նկատմամբ։
Երեքշաբթի՝ հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ժամանակ նրանք հաստատել են հայրենադարձության կոնկրետ ծրագիրը։ Նշվում է, որ Մյանմար ռոհինջիաների վերադարձի գործընթացը կմեկնարկի նոյեմբերի կեսերին։ Ավելի վաղ մահմեդականներին հայրենիք վերադարձնելու փորձեր ձեռնարկվել էին, սակայն անօգուտ։
Օգոստոսի վերջին ՄԱԿ–ը հանդես է եկել զեկույցով, որում ասվում է, որ Մյանմարի զինվորականները մահմեդական ռոհինջիաների ցեղասպանության մտադրությամբ մասսայական սպանություններ եւ խմբակային բռնաբարություններ են իրականացրել։
Մյանմարում հանցագործությունների փաստը բացահայտելու հարցով ՄԱԿ–ի անկախ միջազգային առաքելության տվյալներով՝ բանակի գործողությունները ռոհինջիաների նկատմամբ համամասնական չեն եղել իրական սպառնալիքներին։ Զեկույցում շեշտվում է, որ հետաքննության եւ բարձրաստիճան պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար ապացույցները բավարար չեն։
2017 թվականի օգոստոսին ռոհինջիա զինյալները հարձակվել են կառավարական ուժերի վրա, որպեսզի ուշադրությունը հրավիրեն իրենց ժողովրդի դրության վրա։ Դրանց պատասխանն են դարձել գյուղերի զտումները։ Արդյունքում Բանգլադեշ են հեռացել շուրջ 720 հազար մարդ։



























