Առնվազն 2 քրեակատարողական հիմնարկներ ենթակա են փոխարինման՝ «Նուբարաշեն» եւ «Գորիս» ՔԿՀ-ները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով քրեակատարողական հիմնարկների անմխիթար վիճակին:

Նրա խոսքով, այս պահին կառավարությունում գտնվում է որոշման նախագիծ պահուստային ֆոնդից գումարներ տրամադրելու վերաբերյալ. «Միջոցներ ենք հայթայթելու վերանորոգումներ անելու նպատակով: Գիտեք, որ առնվազն 2 ՔԿՀ-ներ ենթակա են փոխարինման՝ «Նուբարաշեն» եւ «Գորիս» ՔԿՀ-ները: Մենք նաեւ նախատեսել էինք եկող տարվա ծախսերում նոր ՔԿՀ կառուցման մեկնարկի համար մեկ մլրդ դրամի չափով գումար: Ընդհանուրը 4,9 մլրդ դրամ է, որը «Գորիս» ՔԿՀ-ն փոխարինելու համար նախատեսված գումարն էր, սակայն դեռ այն ընդգրկված չէ, պայմանավորված միջոցների սղությամբ»,-ասաց Զեյնալյանը:

Նա նաեւ հավելեց, որ եթե իրենց հաջողվի խնայողություններ իրականացնել, վերաբաշխումներ կանեն եւ կիրականացնեն կապիտալ վերանորոգումներ ՔԿՀ-ներում: