Հնդկաստանի հյուսիսում Ուտար-Փրադեշ նահանգում գյուղի բնակիչները տրակտորով հարվածել են, ապա մահակներով ծեծել 10-ամյա էգ վագրին, որը մարդու վրա էր հարձակվել, հայտնում է NDTV-ն:

Վագրը 50-ամյա տղամարդու վրա հարձակվել է Դուդհվա ազգային արգելոցի մոտ, ով ավելի ուշ ստացած վնասվածքների հետեւանքով հիվանդանոցում մահացել է: Գյուղի զայրացած բնակիչները ներխուժել են արգելոցի կենտրոնական հատված, ենթադրաբար՝ ծեծել են անտառապահներին եւ գրավել տրակտորը: Գտնելով վագրին՝ տրակտորով հարվածել են նրան, վրաերթի ենթարկել, այնուհետեւ վիրավոր կենդանուն ծեծելով սպանել «ծանր մահակներով»:

«50-ամյա տղամարդուն պատառոտել են, երբ նա ջունգլիով իր գյուղ էր գնում: Այնուհետեւ մի քանի մարգինալ տարրեր հավաքվել են եւ էգ վագրին մահացու ծեծել: Մենք հայտնաբերել ենք մեղավորներին եւ պատրաստվում ենք այս միջադեպի մասին ոստիկանական հաշվետվություն ներկայացնել եւ նրանց կալանավորել»,- ասել է Դուդհվա ազգային արգելոցի տնօրենը:

Անտառային դեպարտամենտի պաշտոնյաները հայտարարել են, որ վերջին 10 տարում էգ վագրը ոչ մի անգամ մարդկանց վրա չի հարձակվել, եւ ոստիկանությանը կոչ են արել կալանավորել անհետացող տեսակի ներկայացուցչի սպանության համար մեղավորներին: Գյուղի բնակիչները, հակառակը, հավաստիացնում են, որ մի քանի անգամ անտառապահներին գանգատվել են, որ 2 շաբաթ շարունակ էգ վագրը հարձակվել է իրենց անասունների վրա, եւ դա «իրենց սարսափի է մատնել»:

Մեկ շաբաթում երկրորդ էգ վագրի սպանությունը սրում է Հնդկաստանում բնության պահպանության ջանքերի արդյունավետության մասին բանավեճը: