Վրաստանի եւ Հայաստանի կառավարությունները ներկայումս բանակցություններ են վարում սահմանը հատելիս բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաների համար ֆինանսական հավասարակշռությունը պահպանելու ուղղությամբ` հաշվի առնելով երկու երկրներում ընդունված նոր օրենքները:

Երեւանում այսօր՝ փետրվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսում երկու երկրների վարչապետները նշել են, որ այդ ուղղությամբ քաղաքական որոշումն արդեն կայացվել է: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հաշվի առնելով ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման անցնելու փաստը, տվյալ հանգամանքը տարածվում է նաեւ հայ-վրացական սահմանը հատող վրացական մեքենաների վրա:

«Միեւնույն ժամանակ Վրաստանն օրենք է ընդունել, որը հատուկ հարկ է սահմանում բեռնատար մեքենաների կողմից սահմանը հատելու համար: Այդ միջոցները ուղղվելու են Վրաստանի ճանապարհային հաղորդակցության պահպանման համար: Այդ համատեքստում մենք Վրաստանի վարչապետի հետ պայմանավորվել ենք առավելագույն ջանքեր գործադրել ֆինանսական հավասարակշռությունը պահպանելու եւ տարատեսակ խոչընդոտները վերացնելու ուղղությամբ»,- ասել է վարչապետը: