Հայաստանում եւ Վրաստանում առկա գնաճը պայմանավորված է համաշխարհային շուկայի միտումներով, իր վրացի գործընկերոջ հետ Երեւանում փետրվարի 16-ին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ երկու երկրներում գնաճի դեմ պայքարի միջոցներ են մշակվել։ «Մենք Հայաստանում կիրառում ենք ինչպես գնաճի դեմ պայքարի ընդունված միջոցներ, այնպես էլ մեծացնում ենք սոցիալական ծրագրերի ֆինանսավորումն ու քանակը»,- բացատրեց Սարգսյանը՝ ավելացնելով, որ այդ միջոցների շրջանակներում Հայաստանում բարձրացվել են թոշակները, իսկ 105 հազար ընտանիքներ ներգրավվել են սոցիալական տարբեր ծրագրերում։

Նա հայտնեց, որ կառավարությունը մոտ ժամանակներս մտադիր է գյուղական համայնքներ սուբսիդիաներ ուղղել, ինչը թույլ կտա իջեցնել սերմացուների գները եւ մեծացնել ցանքատարածությունների ծավալները։

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին իր հերթին նկատեց, որ բոլոր այս միջոցներին զուգահեռ՝ Վրաստանում գնաճի դեմ պայքարի համար ձեռնարկվում է այնպիսի քայլ, ինչպիսին էներգետիկ եւ պարենային հատուկ վաուչերների տրամադրումն է բնակիչներին։