Հայաստանից տարեկան արտագաղթում է միջին հաշվով 7.5 հազար մարդ։ Նման պատկեր է ստացվել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ընտրանքային հետազոտության արդյունքում:
Այս տեղեկությունները հրապարակել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։
Արտաքին միգրացիոն հոսքերում ընդգրկված անձանց մեջ գերակշռում են աշխատանքային միգրանտները: Ինչպես վերջին երկու տասնամյակում, այնպես էլ ներկայումս, միգրացիոն հիմնական ուղղությունը Հայաստանից ուղղված է դեպի Ռուսաստան, ԱՊՀ այլ երկրներ եւ ԱՄՆ:
Արտաքին միգրացիան ուղղակիորեն ազդում է հատկապես բնակչության վերարտադրողական վարքագծի վրա: Այդ հանգամանքով պայմանավորված, անբարենպաստ փոփոխությունների են ենթարկվում հանրապետության բնակչության սեռատարիքային համամասնությունները:
Մեծ է հավանականությունը, որ արտերկրում կուտակվող աշխատանքային միգրանտների որոշակի մասն ի վերջո կմնա մշտական բնակության եւ կտանի նաեւ ընտանիքը: Իսկ դա նշանակում է, որ հնարավոր են արտագաղթի նոր, ավելի ուժեղ ալիքներ։




























