Ֆուտբոլային պայմանավորված խաղի համար «Ուլիս» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների կողմից կաշառք ստանալու  գործով ամբաստանյալներից երեքը կողմ են, որպեսզի իրենց նկատմամբ համաներում տարածվի։ Այսօր՝ նոյեմբերի 27–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, գործով ամբաստանյալ, «Ուլիս» ակումբի նախկին ադմինիստրատոր Արա Ազարյանի պաշտպան Էդգար Բադեմյանը միջնորդեց դատարանին համաներմամբ Ազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ քրեական գործի վարույթն իր պաշտպանյալի մասով կարճել։  ֆուտբոլիստ Հայկ Հունանյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ իր պաշտպանյալը եւս չի առարկում, որպեսզի իր նկատմամբ համաներում կիրառվի։ Ամբաստանյալ  Էդգար Պետրոսյանի պաշտպան Էրիկ Խաչատրյանը նույնպես միացավ ներկայացված միջնորդությանը։ «Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի պաշտպան Էդուրդ Աղաջանյանն էլ դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալի հետ քննարկելուց հետո միայն կարծիք կհայտնի  միջնորդության կապակցությամբ։

Հաջորդ դատական նիստին դատարանը կքննի ամբաստանյալների նկատմամաբ քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցնելու հարցը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ «Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախկին մարզիչ Գագիկ Սիմոնյանը եւ ակումբի ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը արհեստավարժ մարզամրցումների արդյունքների վրա ազդելու նպատակով, որպես կաշառք պահանջել ու ստացել են առավելություններ եւ գումար:

Ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը մեղադրվում է մարզամրցումների այլ մասնակիցների կողմից որպես կաշառք առավելություններ եւ գումար պահանջելու ու ստանալու մեջ։

Իսկ Էդգար Պետրոսյանը՝ նախապես պայմանավորված խաղային իրադարձությունների համար կաշառք տալու մեջ։ Էդգար Պետրոսյանի, Գագիկ Սիմոնյանի եւ Արա Ազարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Հայկ Հունանյանի նկատմամբ թույլատրելի է ճանաչվել գրավը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ի կողմից հրապարակված նախաքննական տվյալների համաձայն՝ 2015 թ. նոյեմբերին հայկական ֆուտբոլային «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչը, մարզչի օգնականը, ադմինիստրատորը եւ 1 ֆուտբոլիստ հանցավոր համաձայնությամբ, բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները եւ ստացել ապօրինի շահույթ։ Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով (Արհեստավարժ մարզամրցումների եւ հանդիսադիր առեւտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը)։