Անցումային արդարադատության միջազգային փորձը գործիք է, որն աջակցում է գոյություն ունեցող իրավական համակարգին: Այս մասին նոյեմբերի 28-ին Երեւանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության պարտավորություններ» նախագծի շրջանակներում «Միջազգային փորձի լույսի ներքո Հայաստանում անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունները» թեմայով համաժողովի ժամանակ ասաց արդարադատության նախարարի խորհրդական Աննա Վարդապետյանը:
Վարդապետյանի խոսքով, անցումային արդարադատությունը լրացուցիչ քրեական գործերի վերսկսման եւ ոչ իրավական ընթացակարգեր իրականացնելու մեխանիզմ չի կարող լինել:
«Անցումային արդարադատության իրականացման գործընթացում մենք սահմանափակված ենք մեր միջազգային պարտավորություններով եւ քրեական դատավարության մեխանիզմներով: Դա տեղի է ունենում, երբ պետությունը պատրաստ է երկկողմ հաշտեցման եւ ընդունում է, որ նախկինում զանգվածային չարաշահումների եւ խախտումների դեպքեր են եղել», - բացատրեց պաշտոնյան:
Այս պարագայում, ինչպես նշեց Վարդապետյանը, խոսքը համաներման մասին չէ, այլ երկկողմ համաձայնագրի կնքման, երբ քրեական հետապնդումը անժամանակ է, եւ պետությունը սկսում է փոխհատուցման վճարման մեխանիզմներ փնտրել:
Նշենք նաեւ, որ միջոցառմանը մասնակցում էին նաեւ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Գերագույն դատական խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, Հայաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ինչպես նաեւ պետական, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, փորձագետներ:





























