ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տան վրայից հանել է անթափանց շղարշը՝ բացահայտելով այնտեղի կյանքի գաղտնիքները։

Վիրջինիա նահանգի Լինչբուրգ քաղաքում Լիբերտի համալսարանում օպիոիդների համաճարակի մասին տեղեկացվածության աստիճանի բարձրացմանը նվիրված համաժողովում նա պատասխանել է հանդիսատեսի կողմից հնչեցված իմպրովիզացիոն հարցերին՝ տեղեկացնում է AP-ն։

Պատասխանելով Սպիտակ տանը կարմիր տոնածառների մասին քննադատությանը՝ նա հայտարարել է, որ ճաշակին ընկեր չկա, եւ դրանք ֆանտաստիկ տեսք ունեն։ «Իրական կյանքում դրանք ավելի գեղեցիկ են»,- ասել է նա։

Մելանյան պատմել է, որ ինքն ու ամուսինը շատ հագեցած գրաֆիկով են ապրում, սակայն ձգտում են Սպիտակ տանը միասին ճաշել եւ միմյանց պատմել, թե ինչ է տեղի ունեցել օրվա ընթացքում։ Հարցին, թե պատրաստում է արդյոք նա թխվածքներ, Մելանյան պատասխանել է, որ ժամանակ չունի, սակայն հնարավոր է, որ երբեւէ կպատրաստի։

Նա նաեւ պատմել է, որ իր որդին՝ 12-ամյա Բարոնը, սոցիալական կայքերով տարված չէ եւ սիրում է սպորտով զբաղվել։ Այն հարցին, թե կգրի արդյոք նա ինքնակենսագրություն, առաջին տիկինը պատասխանել է, որ այդ մասին չի մտածել, եւ հավելել է, թե այն, ինչ կատարվում է իր կյանքում, «բազմաթիվ գրքերի» թեմա է։