Հավանաբար ձեզանից շատերը լրատվամիջոցներից տեղեկացել են, որ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում Հատուկ քննչական ծառայությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ 40 անուն գույք համայնքներին վերադարձնելու առաջարկությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Կարեւոր լուր էջմիածնեցիների համար,

Հայտնում եմ ձեզ, որ ՏԿԶՆ հետ արդեն սկսվել է համապատասխան իրավական մեխանիզմներ մշակելու եւ գրության մեջ նշված անշարժ գույքը համայնքներին վերադարձնելու ուղիներ գտնելու գործընթաց:

Էջմիածին քաղաքում խոսքը վերաբերում է (ընդ որում՝ առայժմ) ընդհանուր 174,290.6 քմ տարածքի:

Մենք խոստացել ենք, որ ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է վերջինիս եւ հետամուտ ենք այդ խոստման իրագործմանը:

Կեցցե՛ այն Հայաստանը, որ արդեն եկել է»: