Չի կարող Հայաստանը լինել վտանգի մեջ, իսկ Ռուսաստանը՝ անվտանգության, եւ հակառակը, չնայած չափերի անհամադրելիությանը: Այս մասին Երեւանում ընթացող Լազարյան ակումբի նիստին հայտարարեց ՀՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
«Թեզը, թե ԱՄՆ-ն Հարավային Կովկասի նկատմամբ հստակ քաղաքականություն չունի՝ ճիշտ չէ եւ բթացնում է զգոնությունը»,- հայտարարեց Գեղամյանը: Նա հիշեցրեց ղարաբաղյան պատերազմի տարիների Իրանի դերի մասին եւ ընդգծեց, որ ԱՄՆ-ն չի կարող այս մասին չիմանալ: Նրա խոսքով՝ Ամերիկան իր քաղաքականությունն ակտիվորեն առաջ է մղում՝ դոտացիաները թաքցնելով «ժողովրդավարության ամրապնդում» եւ «քաղաքացիական հասարակության ամրապնդում» գաղտնագրային անվանումների ներքո:
Նրա խոսքով՝ մայիսի 28-ին՝ «Հայաստանում պետական հեղաշրջման ճանապարհով իշխանափոխությունից հետո» Պոմպեոն պաշտոնապես հայկական կողմին տեղեկացրեց, որ քննարկվում է Հայաստանի իշխանությունների ջանքերին աջակցելու համար 140 մլն դոլար հատկացնելու հարցը: «Ես չեմ քաղաքականացնում: Ես ընդամենը փաստերն եմ արձանագրում: Իսկ փաստերն այն մասին են վկայում, որ ԱՄՆ-ն եւ նրա ռազմավարական դաշնակից Իսրայելը փորձում են, ի դեպ, Իրանին սահմանակից Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտում ստեղծել իրենց կողմից կառավարվող քաոս»,- նշեց Գեղամյանը:
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանն արդեն ահռելի գումարի սպառազինություն է գնել, իսկ հիմա մտադիր է լիցենզիայով իսրայելական սպառազինություն արտադրել: «Նրանց նախարարն ասում է, որ պատրաստ է Հայաստանի եւ Արցախի դեմ պատերազմը սկսել ցանկացած պահի: Հարմար պահին, երբ նշի գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն՝ Ալիեւը»,- նշեց Գեղամյանը: Նրա խոսքով՝ եթե պատերազմ սկսվի, այն ողբերգությամբ կշրջվի ոչ միայն Հայաստանի համար, այլեւ Ադրբեջանի. «Հիշենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի կորուստները 10 անգամ գերազանցում էին հայկական կորուստներին»: Հայ ժողովուրդը 21-րդ դարում թույլ չի տա ցեղասպանություն կատարել: Հայաստանում պատերազմը կշրջվի Հյուսիսային Կովկասում պատերազմով, եւ Ռուսաստանը նման սցենար թույլ չի տա, շեշտեց Գեղամյանը:





























