Երկու մարդ է զոհվել ամերիկյան Ֆլորիդա նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռի՝ աուտիզմով երեխաների թերապիայի կենտրոնի շենքի վրա ընկնելու հետևանքով, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով NBC6 հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրվա երկրորդ կեսին ինքնաթիռի՝ Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի օդանավակայանից թռիչք կատարելուց անմիջապես հետո:

Քաղաքի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ ինքնաթիռի կործանումից հետո շենքում հրդեհ է բռնկվել, որն անհապաղ տեղայնացվել է հրշեջների կողմից:

Հայտնի է դարձել, որ երկու զոհերն էլ գտնվում էին ինքնաթիռում: Թերապիայի կենտրոնում բոլոր գտնվողները, այդ թվում ութ չափահասներ և հինգ երեխաներ, տարհանվել են: Ավիացիայի դաշնային ծառայությունն ու բեռնափոխադրումների անվտանգության պետական ծառայությունը մտադրված են  անցկացնել միջադեպի վերաբերյալ հետաքննություն: