Մինդիա Գոգոչուրիին, որը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի խորթ դստեր քաղաքացիական ամուսինն է, սպառնում է մինչեւ 8 տարվա բանտարկություն: Այս մասին նշված է Վրաստանի ՆԳՆ կայքում, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
29-ամյա Գոգոչուրին ձերբակալվել է նախօրեին գիշերը Թբիլիսիում Ամաշուկելի փողոցում գտնվող բնակարանում, որը նրա մշտական բնակության վայրն է: Գոգոչուրիի հետ միասին ոստիկանները ձերբակալել են նրա ընկերոջը՝ 24-ամյա Գ. Գ.-ին, որը հետախուզվում էր առողջությանը դիտավորյալ ծանր վնասվածք պատճառելու համար:
Բնակարանի խուզարկության ժամանակ իրավապահները զրահաբաճկոն են հայտնաբերել: Բնակելի շենքին կից տարածքում նաեւ երկու ատրճանակ են գտել, որոնք մեղադրյալները դուրս են նետել պատուհանից: Զենքը փորձաքննության է ուղարկվել:
«Գ. Գ-ն ուղարկվել է ուղղիչ հաստատություն, իսկ Մ. Գ.-ն՝ նախանական պահման մեկուսարան»,- նշված է Վրաստանի ՆԳՆ կայքում:
Քննությունը շարունակվում է «ապօրինի հրազեն պահելու» եւ «հանցագործության մասին չհայտնելու» հոդվածներով:
Գոգոչուրին Մաշո Չիչուայի՝ Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուայի դստեր քաղաքացիական ամուսինն է: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի լիազորություններն ավարտին են մոտենում: Երկրի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:





























