2018 թվականի նոյեմբերի 1-ից օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաեւ այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատեւ տեսակցությունից, տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչեւ քսան րոպե տեւողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արդարադատության նախարարության եւ «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում Արդարադատության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկներն ապահովվել են տեսազանգի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական մեկական սարքավորումներով:

Ավելին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում առկա է երկուսը:

Կոչ ենք անում ազատությունից զրկված անձանց օգտվել տեսազանգի իրենց հնարավորությունից եւ պահպանել արտաքին աշխարհի հետ իրենց կապը:

Տեսազանգի տրամադրման կարգին ծանոթանալու, ինչպես նաեւ տեսազանգից օգտվելուն առնչվող ցանկացած հարցի դեպքում կարող եք դիմել քրեակատարողական համապատասխան հիմնարկի վարչակազմին կամ զանգահարել Արդարադատության նախարարության թեժ գծի 85 00 համարին: