Ձնահյուսի տակ մնացած 4 զինծառայողներից մեկը՝ Հայկ Քարամյանը, որին այսօր մահացած են գտել, Սյունիքի մարզի Թանահատ գյուղից էր։

«Երեկ ենք իմացել, որ ձյան տակ է մնացել, իսկ որ հանել են դին, այսօր իմացանք»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց Թանահատի վարչական շրջանի ղեկավար Արսեն Օհանյանը։ 

Հայկը 23 տարեկան էր, ամուսնացած չէր, ուներ 2 քույր. «Գործունյա, աշխատող տղա էր։ 2 տարի էր՝ բանակից եկել էր, անմիջապես անցել էր պայմանագրային ծառայության»,- պատմեց Արսեն Օհանյանը։

Ընտանիքը անապահով վիճակում է եղել, սակայն վերջին 1 տարում որոշակի բարելավում եղել է․ կառուցապատման աշխատանքներ են կատարել։

Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը կդիմի մարզպետարան՝ հուղարկավորության ծախսերը հոգալու համար. «Ինքը էդպիսի բաներին շատ ուշադիր է, շատ։ Անպայման կդիմի, ինքը ուշադիր է բնակիչների նկատմամբ, ամեն խնդրի արձագանքում է»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4–ին Սիսիանում 4 պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ էին մնացել: 3-ին գտել էին նորմալ վիճակում, բայց մեկին գտնել չէր հաջողվում: