Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տյան Էրլունին:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը գոհունակությամբ նշել է Երեւանի եւ Չինաստանի քաղաքների միջեւ արդյունավետ համագործակցության փաստը: Քաղաքապետը նշել է, որ փոխգործակցության հուշագրեր են կնքվել Երեւանի եւ Պեկինի, ինչպես նաեւ՝ Չինաստանի խոշորագույն քաղաքներից՝ Ցինդաոյի միջեւ: Հայաստանում եւ, մասնավորապես, Երեւանում Չինաստանի կառավարությունը տեխնիկական աջակցության մի շարք ծրագրեր է իրականացրել՝ անհատույց տրամադրելով քաղաքային ավտոբուսներ, շտապօգնության մեքենաներ եւ այլ տեխնիկա: Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ նաեւ դեսպանության աշխատանքի շնորհիվ Չինաստանի կառավարությունը կշարունակի ծրագրերը տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ կխրախուսի չինական բիզնեսի ներկայացուցիչներին՝ ներդրումներ կատարել Երեւանում:
Շնորհավորելով Հայկ Մարությանին եւ իր թիմին մայրաքաղաքի կառավարումը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Տյան Էրլունը համոզմունք է հայտնել, որ այս փոփոխությունը կնպաստի Երեւանի զարգացմանը: Դեսպանը տեղեկացրել է, որ Երեւանում Չինաստանի նոր դեսպանատան կառուցման աշխատանքները մոտ ապագայում ավարտին կհասցվեն, եւ շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանությանը՝ այս հարցում աջակցության համար: Կողմերը պայմանավորվել են շարունակական ջանքեր ներդնել՝ խորացնելու մայրաքաղաք Երեւանի եւ չինական քաղաքների միջեւ համագործակցությունը:




























