ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության առաջնորդներին  կոչ է արել հավանություն տալ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը միգրանտների հոսքից պաշտպանվելու համար: Այս մասին նախագահը հինգշաբթի գրել է Twitter-ի իր էջում:

«Արիզոնան եւ մեր զինվորականներն ու սահմանապահ ծառայությունները քարացել են չցանկապատված հատվածում միգրանտների զանգվածային հոսքի ակնկալիքով: Մենք թույլ չենք տա նրանց անցնել: Մեծ վտանգ է: Նենսն եւ Չակը պետք է հավանություն տան պատին», - գրել է Թրամփը:

Մեքսիկայի հետ սահմանին պատը Թրամփի նախընտրական հիմնական խոստումներից է: Նա բազմիցս պնդել է, որ այդ պատնեշի համար կվճարի հարեւան երկիրը, սակայն Մեքսիկայի իշխանությունները միշտ հայտարարել են, որ չեն անի այդ:

Անցյալ շաբաթ  Politico թերթին տված հարցազրույցում Թրամփն ասել էր, որ կառավարությունը կդադարեցնի աշխատանքն այն դեպքում, եթե Կոնգրեսը հավանություն չտա 5 մլրդ դոլարի հատկացմանը, որն անհրաժեշտ է պատի կառուցման համար: Եթե օրենսդիր մարմինը  բյուջեի մասին օրինագծը մինչեւ դեկտեմբերի 7-ի օրվա վերջ չընդունի, դաշնային կառավարության մի շարք կառույցներ ստիպված կլինեն ֆիանանսավորման բացակայության պատճառով դադարեցնել աշխատանքը, գրում է ՏԱՍՍ-ը: