ԱՄՆ ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կարող են դնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվստահության քվե հայտնելու մասին լսումներ անցկացնելու հարցը։ Այս մասին հայտարարել է ամերիկացի հայտնի օրենսդիրներից Ջերոլդ Նադլերը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը իրեն շրջապատել է խաբեբաներով եւ մաս է կազմել ամերիկացի ժողովրդի դեմ դավադրության 2016 թվականի ընտրություններին հաղթելու նպատակով։

Նադլերը այս կարծիքը հայտնել է երկու օր անց այն բանից, երբ դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոուենի դեմ Թրամփի հետ սիրային կապերի մեջ եղած երկու կանանց  լռելու դիմաց 280 հազար դոլար վճարելու համար։  

Նադլերը կարծում է, որ եթե այդ պնդումները ապացուցվեն, ապա դրանք, անկասկած, կարող են իմպիչմենթի համար հիմք ծառայել։ Դա նույնիսկ կարող է բերել նախագահական պաշտոնից նրա հեռացման, իհարկե, եթե Սենատը  ձայների 2/3-ով նրան մեղավոր ճանաչի, ինչը քիչ հավանական է, եթե հաշվի առնենք, որ հանրապետականները Սենատում մեծամասնություն են կազմում։