Հայաստանում ալերգիայի ամենտարածված տարատեսակներն են փոշու տզերից, շներից եւ ծաղկափոշուց առաջացող ալերգիաները։ Փետրվարի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին  հայտարարեց ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը։

Նրա խոսքով, ապացուցված փաստ է, որ ալերգիաների առավել շատ տեսակներ տարածված են զարգացած եւ ոչ թե զարգացող երկրներում։

«Օրինակ, Եվրոպայում (մասնավորապես Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում), ուր գրանցվել են անձնական հիգիենայի պահպանման ամենաբարձր ցուցանիշները, ալերգիաներն ամենամեծ տարածումն ունեն։ Զարմանալի է, բայց փաստ. որքան շատ են մարդիկ իրենց եւ իրենց երեխաներին զերծ պահում միկրոբների, կենդանիների, հողի եւ փոշու հետ շփումից, այնքան ավելի թույլ է դառնում նրանց իմունային համակարգը, ինչն էլ պատճառ է դառնում տարատեսակ ալերգիաներ ունենալուն։ Հակառակ դրան, զարգացող երկրներում, ուր բնակչությունն այնքան էլ հետեւողական չէ հիգիենայի հարցերում, ալերգիաների տարածվածության փոքր ցուցանիշ կա»,- բացատրեց ալերգոլոգը։

Մասնագետի հավաստմամբ, ալերգիաները սրվում են հատկապես գարնան եւ աշնան ամիսներին՝ պայմանավորված բնության մեջ կատարվող մի շարք գործոններով՝ ծաղիկների փոշոտմամբ եւ այլն։

«Սակայն փոշու տզերի հանդեպ ալերգիան, օրինակ, մարդկանց մոտ կարող է նկատվել ողջ տարվա ընթացքում, եւ մանավանդ ձմռանը, քանի որ փոշու տզերը գոյատեւում են  տներում, իսկ մարդիկ ձմռան ամիսներին մեծամասամբ տանն են լինում»,- նշեց Աստղիկ Բաղդասարյանը։

Ամփոփելով՝ մասնագետը տեղեկացրեց, որ եթե ծնողներից մեկնումեկն ալերգիայի հակում ունի, ապա հավանականությունը, որ երեխան  եւս ալերգիկ կլինի, կազմում է 70 տոկոս։