Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպլ է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ Աննա Էշուի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանը զրուցակցին երախտագիտություն է հայտնել` հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված գործունեության եւ Կոնգրեսում Հայաստանին առնչվող հարցերի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:

Դեսպանը կոնգրեսական Էշուին ներկայացրել է ժողովրդավարության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ու իրավունքի գերակայության ոլորտներում ՀՀ վարչապետի եւ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները: Դեսպանն անդրադարձել է նաեւ դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին` դրանք որակելով որպես ժողովրդավարության առաջընթացի խոսուն վկայություն:

Կոնգրեսական Էշուն, իր հերթին, ողջունել է Հայաստանում ընտրությունների հաջող անցկացումն ու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր` կարեւորելով ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի դերակատարումը դրանց խթանման ուղղությամբ: