Իշխող կոալիցիան հուշագիր ստորագրեց, քանի որ հասկանում է, որ առաջիկայում երկրի իրավիճակը ապակայունանալու է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 21-ին հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը`անդրադառնալով կոալիցիոն հուշագրին: «Սերժ Սարգսյանը հասկանում է, որ առաջիկա ընտրություններում չի ստանալու ժողովրդի վստահության քվեն եւ այդ պատճառով փորձում է ապավինել այն քաղաքական կուսակցություններին, որոնք Սերժ Սարգսյանին դարձրին նախագահ, եւ ապավինել այն ուժային կառույցներին, որոնց վրա մինչ այժմ հենվել է Քոչարյան-Սարգսյան տանդեմը»,- հայտարարեց ՆԺԿ առաջնորդը: Նա այս համատեքստում հիշեցրեց ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելը, չնայած այն հանգամանքին, որ նա թոշակի գնալու տարիքի է:  

Կարապետյանի ընդդիմախոս ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Արտակ Զաքարյանն էլ նշեց, որ կոալիցիոն հուշագրի ստորագրումով առաջին հերթին շահում է Հայաստանի Հանրապետությունը:

«Սա դիրքերի ամրապնդում չէր, քանզի կոալիցիոն ուժերը դրա կարիքը չունեին: Սա քաղաքական համագործակցության նոր մոդել է, որով կոալիցիայի մեջ մտնող քաղաքական երեք ուժերը վստահեցնում են, որ շարունակում են միասնական ուժերով լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները, ապահովել  ներքին կայունությունն առաջիկա նախընտարական գործընթացներում,–»,-հայտարարեց իշխանական պատգամավորը: