ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ՍՊ ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրենի կողմից փաստաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 29-ամյա կնոջը:

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ Երեւան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1989 թվականին,  2013 թվականից հանդիսացել է «Համար մեկ տուրիստական գործակալություն» ՍՊ ընկերության հիմնադիրը եւ գործադիր տնօրենը, իսկ 2016 թվականից մեկ այլ  ՍՊ ընկերությունում աշխատել է՝ որպես արտագնա տուրիզմի մենեջեր:

Մինչդատական վարույթում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ 2015թ. դեկտեմբեր ամսից մինչեւ 2016թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում 29-ամյա կինը խարդախության, յուրացման եղանակով նշված ընկերությունների հաճախորդներից մաս-մաս ստացել եւ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով տարբեր ընկերություններին պատճառել խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաեւ՝ պատրաստել եւ իրացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող մուտքի կեղծ արտոնագրեր եւ համապատասխան բանկային հաշվին գումարի փոխանցման վերաբերյալ վճարման կեղծ փաստաթղթեր: Քրեական գործով տուժող է ճանաչվել 12 անձ:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են առերեւույթ կատարված հանցագործությունների հանգամանքները, մեխանիզմը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երեւանի 29-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 184-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը՝ շուրջ 14 079 680 ՀՀ դրամ, վերականգնելու համար գործակալության տնօրենին պատկանող անշարժ գույքի վրա արգելանք է դրվել:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: