Վայոց Ձորի մարզում դեկտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 21։20-ի սահմաններում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Ոստիկանության եւ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները համատեղ ապօրինի որս կատարելու կասկածանքով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Արենի գյուղի վարչական տարածքից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրանք են՝ 30-ամյա Վահագն Ա.-ն եւ 32-ամյա Վարդան Խ.-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջիններս եղել են Hummer մակնիշի 03 NO 030 համարանիշի ավտոմեքենայով։ Տեղում ավտոմեքենան ենթարկվել է զննության եւ բեռնախցիկում հայտնաբերվել է մորթած կենդանու մարմին, «Սայգա ՄԿ» տիպի մեկփողանի ակոսափող, «ՏԻԿԿԱ Տ3» տիպի մեկփողանի ակոսափող, «Բենելլի» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի որղորկափող եւ «ՄՌ 155» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացաններ։
Աղբյուրի փոխանցմամբ, պարզվել է, որ սատկած կենդանին Բեզոարյան այծ է, որը Վահագն Ա.-ն որսացել է նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում «Հարսնասար» ռեստորանայաին համալիրի հետնամասում գտնվող «Վեդի Ալկո» ՍՊԸ-ին պատկանող այգիների հարակից հատվածում։ Փաստի առթիվ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Որսագողության կասկածանքով բերման ենթարկվածները բաց են թողնվել։
Աղբյուրի տեղեկություններով՝ որսագողության ժամանակ որսագողերի հետ է եղել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանը, ով եղել է Lexus մակնիշի ավտոմեքենայով։ Նա նույնպես բերման է ենթարկվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին։





























