22-ամյա աղջկա առեւանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդին:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1994 թվականին, բռնության գործադրմամբ բացահայտ առեւանգել է 1996 թվականին ծնված իր նախկին հարսնացուին:
Նախնական քննության տվյալներով՝ 24-ամյա երիտասարդը 2017թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, կանգառում մոտեցել է իր նախկին նշանածին եւ վերջինիս կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ձեռքերից քաշելով՝ նստեցրել է տաքսի ավտոմեքենա եւ տարել Արագածոտնի մարզ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1994 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:




























