Միջազգային տիեզերակայանում տիեզերագնացները Նոր Տարին կդիմավորեն շամպայնի եւ «Օլիվյե» աղցանի լուսանկարներով, իսկ եղեւնին կամրացնեն առաստաղին: Այս մասին «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությանն ասել է ՌԴ օդաչու, տիեզերագնաց, Ռուսաստանի հերոս Անդրեյ Բորիսենկոն:
Նրա խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ Միջազգային տիեզերակայանում չի կարելի փրփրուն ըմպելիքներ եւ ալկոհոլ օգտագործել. շիշը բացելուց հետո գազավորված ըմպելիքը կվերածվի խառնուրդի, որը կզբաղեցնի ամբողջ ծավալը եւ տիեզերագնացները ստիպված կլինեն կայանի մաքրությամբ զբաղվել: Բորիսենկոն նշել է, որ նրա գործընկերները սիրով զբաղվում են եղեւնու զարդարմամբ:
«Տիեզերական եղեւնին, որը ամբողջ տարին գտնվում է աննկատելի տեղում, մենք զարդարում ենք տիեզերական խաղալիքներով: Բացի այդ, մենք այն ամրացնում ենք մեր տիեզերական առանձնահատկություններին համապատասխան՝ առաստաղին, գագաթը դեպի ներքեւ», — ասել է նա:
Տիեզերագնացը հավելել է, որ տիեզերքում պահպանվում է նվերներ նվիրելու ավանդույթը: Անձնակազմի անդամները դրանք դեռ Երկրում են պատրաստում՝ տոնից շատ առաջ եւ դրանք իրենց հետ ուղեծիր են տանում: Նվերները կարող են նաեւ Նոր տարվա նախաշեմին «Պրոգրես» նավով առաքել:





























