Բնապահպան Սիլվա Ադամյանը արժանահավատ չի համարում ՍԱՊԾ հետազոտության արդյունքները նախորդ շաբաթ կեռնեխների, ագռավների եւ սարյակների անկման գրանցված դեպքերի հետ կապված։

«ՍԱՊԾ-ն ագռավների եւ սարյակների դիեր է փորձաքննության ենթարկել եւ հետազոտության ադյունքներ են ներկայացրել, որ թռչունների անկումը գրանցվել է մեխանիկական վնասվածքների հետեւանքով՝ ասենք երեխաններն են պարսատիկով վնասել, կամ այլ վնասվածքներ։ Մեղմ ասած՝ այս տվյալներն այնքան էլ արժանահավատ չեն մեզ համար, կարծես 9-րդ դասարանի մակարդակի վերլուծություն լինի եւ մենք պահանջում ենք նոր հետազոտություն անցկացնել՝ հատուկ մեթոդաբանությամբ»,-ասաց բնապահպանը։

Սիլվա Ադամյանը կարծում է, որ ՍԱՊԾ-ն թաքցնում է թռչունների անկման իրական պատճառը՝ խուճապ չառաջացնելու համար․ «Մենք արդեն մարզերում էլ ունենք թռչունների անկման դեպքեր, Երեւանում էլ նոր դեպքեր են գրանցվել եւ ուղղակի պահանջում ենք ՍԱՊԾ-ից նորմալ հետազոտություն անցկացնել եւ պարզել թռչունների անկման իրական պատճառը, որպեսզի մենք փաստի առաջ չկանգնենք»։

Նշենք, որ մայրաքաղաքում վերջին օրերին գրանցվում են սարյակների, կեռնեխների եւ ագռավների անկման դեպքեր։ NEWS.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը մտահոգություն էր հայտնել,որ գրանցված դեպքերը համաճարակի հետեւանք կարող են լինել եւ կոչ էր արել խնդրին առնչվող մարմիններին լրջագույս զբաղվել այս հարցով։

Մայրաքաղաքում սեւ կեռնեխների անկումը կարող է համաճարակի հետևանք լինել. բնապահպան