Ազգային ժողովի «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը` Տիգրան Փոստանջյանն այսօր` փետրվարի 22-ին, ժամը 11-ին հարցաքննության է հրավիրվել Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Զարուհի Փոստանջյանը: Հարցաքննությունը, սակայն հետաձգվել է, քանի որ Տ. Փոստանջյանը հրաժարվել է հարցաքննությնա ենթարկվել առանց փաստաբանի:
Նա առաջարկել է հարցաքննության համար մեկ այլ օր նշանակել, որին կներկայա իր փաստաբանի` Հայկ Ալումյանի հետ: Այդ մասին կազմվել է համապատասխան արձանագրություն: Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ ծանուցագրի մեջ նշված չի եղել, թե ինչ կարգավիճակում է իր եղբայրը հրավիրվել ԱԱԾ:
Մեկնաբանելով ընդդիմադիր մամուլի այն հրապարակումները, թե իր եղբայրը իշխող Հանրապետական կուսակցության անդամ է, Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. «Եթե իմ եղբայրը լիներ Հանրապետական կուսակցության անդամ, ապա նա կվայելեր այդ կուսակցության աջակցությունը եւ չէր սպասի, որ իրեն աջակցեր ընդդիմադիր հասարակությունը: Մեզ համար անհասկանալի է, որ նմանատիպ նյութեր են տարածում իրենց ընդդիմադիր համարող մարդիկ»:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործը` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի (այս դեպքում՝ Տիտան Փոստանջյանի) կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ։ Տիգրան Փոստանջյանը մի քանի օր առաջ հայտարարություն է տարածել, որտեղ հայտարարում է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջովին սադրանք է եւ ուղղված է իր քրոջ գործունեությունը զսպելուն:





























