Կոտայքի մարզի նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններում ընթանում է նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաներին հաշվառելու գործընթաց: Այն երեխաների ծնողների շրջանում տարակուսանք է առաջացել, ովքեր դիմել էին NEWS.am-ին, փորձելով մեր միջոցով պարզել ընթացող գործընթացի նպատակը: Կոտայքի մարզպետարանի լրատվական բաժնի պետ Կարեն Մարգարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նման գործընթաց ընթանում է ոչ միայն Կոտայքի մարզում, այլ նաեւ ողջ հանրապետությունում, ինչը նախատեսված է պետական ռեգիստրով:
«Այս պահին նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններում երեխաների ծնողների անձնական վավերացման արդյունքում կազմվում են երեխաների գործերն ու ներկայացվում ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներին: Դա ընդհանրական մոտեցում է, որը կիրառվում է Կոտայքի մարզի բոլոր դպրոցներում: Մենք ինքնագործունեությամբ չենք զբաղվում, այլ կատարում ենք օրենքի պահանջը»,-նկատեց Մարգարյանը:
Թե քանի՞ երեխա է հաշվառվել Կոտայքի մարզում, մարզպետարանի աշխատակիցը դժվարացավ ասել, նշելով, որ տվյալները կուտակվում են պետական ռեգիստրում: Հարցին, թե այս գործընթացի նպատակը միայն երեխաների հաշվառո՞ւմն է, թե դրա տակ այլ նպատակներ կան թաքնված, Մարգարյանը զարմացած արձագանքեց. «Ի՞նչ նպատակ…ոչ մի այլ նպատակ լինել չի կարող, դա միայն պետական ռեգիստրով մարդկանց հաշվառելու գործընթաց է»:


























