ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպումներն շարունակվում են. Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և ԵՄ այլ ներկայացուցիչներ հունվարի 30-ին և 31-ին, արդեն աշխատանքային մակարդակով, կշարունակեն ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի բարձրաստիճան այցի օրակարգային քննարկումները:
ԵՄ հայաստանյան գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքային օրակարգը մեկնարկել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումով: Փոխվարչապետը կառավարությունում նախագահում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Գործընկերության առաջնահերթությունների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը:
Հանդիպում- քննարկումներ են նախատեսված նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, արդարադատության, ֆինանսների, կրթության և տրանսպորտի նախարարների և փոխնախարարների հետ:





























