ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես երեւում է, համաձայն չէ Հյուսիսային Կորեային եւ «Իսլամական Պետությանը» տրված հետախուզական հանրակցության գնահատականների հետ:
Թվիթների շարքի մեջ Թրամփը նշել է, որ Իսլամական Պետությունը «շուտով կոչնչացվի», իսկ Փհենյանի հետ առկա է «ապամիջուկայնացման արժանապատիվ հնարավորություն»:
«Երբ ես նախագահ դարձա, ԻՊ-ն դուրս եկավ Սիրիայում վերահսկողությունից եւ դարձավ անզսպելի: Այդ ժամանակից ի վեր հսկայական առաջընթաց է գրանցվել, հատկապես վերջին 5 շաբաթվա ընթացքում: Խալիֆաթը շուտով կկործանվի, ինչն անհավանական էր թվում երկու տարի առաջ», - գրել է նա:
Մեկ այլ թվիթում Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ հարաբերություններն առավել քան լավ են: «Ոչ մի փորձարկում (հրթիռների), աճյունների փոխանցում (Կորեական պատերազմի ընթացքում սպանված ամերիկյան զինվորականների՝ խմբ․), պատանդների վերադարձ», - գրել է նա:
«Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի Հյուսիսային Կորեայի հետ, բայց նախորդ վարչակազմի օրոք հարաբերությունները սարսափելի էին եւ շատ շուտով շատ վատ բաներ էին տեղի ունենալու: Այժմ բոլորովին այլ պատմություն է: Ես անհամբերությամբ եմ սպասում առաջիկայում Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը: Ձեռք բերվա առաջընթացը մեծ տարբերություն է»:
Նախօրեին Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը ներկայացրել էր ԱՄՆ հետախուզական հանրության կողմից պատրաստված զեկույցը՝ գլոբալ սպառնալիքների մասին: Վերջինիս մեջ նշվում էր, որ Հյուսիսային Կորեան հազիվ թե հրաժարվի իր միջուկային զենքից: Ինչ վերաբերում է «Իսլամական Պետությանը», Քոութսը հայտարարել էր, որ ԻՊ-ն շարունակելու է Սիրիայից եւ Իրաքից հարձակումները տարածաշրջանային եւ արեւմտյան հակառակորդների, ներառյալ ԱՄՆ-ի դեմ:





























